Կոլումբիայի նախագահը «առաջարկել» է Ազատության...

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ եթե ԱՄՆ իշխանությունները չեն ցանկանում լուծել ներգաղթյալների իրավունքների հետ կապված հարցերը, ապա տրամաբանական կլինի Նյու Յորքում գտնվող Ազատության արձանը տեղափոխել Լատինական Ամերիկայի տարածք։

«Նրանք իրենց համարում են բարձրագույն ռասա՝ լինելով սպիտակամորթ... Բայց ազատության համար պայքարածները սևամորթներ էին, որոնք հիմնադրել են Ամերիկայում առաջին ազատ տարածքը։ Եկեք համաձայնության գանք, թե ինչն է իսկապես կարևոր՝ ժողովրդավարությունն ու ազատությունը։ Հակառակ դեպքում, Նյու Յորքից այս արձանը պետք է տեղափոխվի Կարտախենա (Կոլումբիա)», - երկրի ղեկավարի խոսքերը մեջբերում է տեղական «Սեմանա» թերթը։

Պետրոն քննադատել է ԱՄՆ-ի հակամիգրացիոն միջոցառումները, այդ թվում՝ Ֆլորիդայում անօրինական ներգաղթյալների համար կալանավայրի կառուցումը՝ կոկորդիլոսներով և այլ վտանգավոր կենդանիներով լի տարածքում։

«Դեմոկրատներն արդեն ասել են. սա մարդկության դեմ հանցագործություն է, խնդրում եմ, մի՛ կատարեք այն։ Սա ժողովրդավարության և ազատության մասին է: Նրանք մեզ հետ ստրուկների պես վարվելու՞ են», - ասել է նախագահը։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս արտահայտվել է ներգաղթային քաղաքականության խստացման օգտին։ Իր պաշտոնավարումից անմիջապես հետո նա ստորագրել է գործադիր հրամանագիր՝ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին արտակարգ դրություն հայտարարելու մասին։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ մտադիր է ապահովել ամերիկյան պատմության մեջ անօրինական ներգաղթյալների ամենամեծ արտաքսման գործողությունը։