«Կոլեկտիվ» Արևմուտքի երկակի ստանդարտներն՝ ընդ...

Վրաստանը մերժեց կեղծիքը, մինչդեռ Հայաստանում իշխանությունը խոր ստի ու այլասերման մեջ է։ Արևմուտքը երկակակի ստանդարտներով է առաջնորդվում՝ քննադատում է կեղծիքը մերժած Վրաստանի իշխանությանը և խրախուսում հայ ժողովրդին ստի մեջ թաղող Հայաստանի իշխանությանը,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

Նա «Եվրազիա թըդեի» առաջարկով անդրադարձել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու հարակից գործընթացներին։

Անդրանիկ Թևանյանի անդրադարձը թարգմանաբար և ամբողջական՝ ստորև․

***

«Կոլեկտիվ» Արևմուտքի երկակի ստանդարտներն՝ ընդդեմ վրացական երազանքի

Վրացիներին խաբել են և ջղայնանում են, երբ տեսնում են, որ նրանք այլևս չեն ուզում խաբվել:

Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ բացահայտեցին Արևմուտքի երկակի ստանդարտները, ցինիզմը, փարիսեցիությունը: Պարզվեց, որ Օսվալդ Շպենգլերի կանխատեսում-գնահատականը շատ մեղմ էր: Եվրոպան ոչ միայն մայրամուտի մեջ է, այլ նաև փոխակերպում է ապրում: Այն այլասերվում է և պայքարում... բուն Արևմուտքի դեմ, ավելի կոնկրետ՝ արևմտյան (համամարդկային) արժեքների՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների դեմ:

«Կոլեկտիվ» Արևմուտքն այլասերվել է այն աստիճան, որ արդեն «ոսկե միլիարդի» ներսում գտնվողներն իր համար արժեք չեն: Մարդը արժեք չէ: Այն ընդամենը գլոբալ տնտեսաքաղաքական շահերի զոհասեղանին դրվող ապրանք է: Այդ «ապրանքի» ֆունկցիան իրեն հրամցվածը սպառելն ու հանուն գլոբալ շահերի զոհվելն է:

Վրաստանի ժողովրդի մեծամասնությունը չի ուզում տեղավորվել այդ բանաձևի մեջ: Դրա համար էլ քննադատվում են Վրաստանի իշխանությունները, որոնք չեն ուզում համաշխարհային հակառուսական ինտերնացիոնալին ծառայել ու առաջնորդվել նեոտրոցկիստական կարգախոսով, չեն ուզում պերմանենտ հեղափոխությունների «ռասխոդնի մատերիալ» դառնալ: Դրա համար էլ այնտեղի ընտրությունների վերաբերյալ բացասաբար են արտահայտվում եվրաչինովնիկներն ու ամերիկյան ֆունկցիոներները՝ չշտապելով շնորհավորել Իվանիշվիլուն: Ի դեպ, համընդհանուր քննադատության են ենթարկվում նաև համաշխարհային հակաիրանական ինտերնացիոնալին չմիացողները: Հակառուսականությունն ու հակաիրանականությունն այդպիսով դարձել են «ժողովրդավարության» լիցենզիա ստանալու նախապայմաններ:

Արևմուտքի երկակի ստանդարտներն աչք են ծակում: Օրինակ՝ Ժոզեպ Բորելը դրական է գնահատում Մոլդովայում տեղի ունեցած նախագահական ընտրություններն այն դեպքում, երբ այնտեղ ավտորիտար ռեժիմ է և ընտրությունները գործնականում անցել են առանց հիմնական ընդդիմադիր թեկնածուի մասնակցության, իսկ ԵՄ-ի հետ կապված հանրաքվեն զոռով են անցկացրել: Փոխարենը նա խնդրահարույց է համարում Վրաստանի ընտրությունները:

Նույնը մեկ այլ եվրաչինովնիկ Շարլ Միշելի մասով կարելի է ասել: Նա Վրաստանի ընտրություններում մարդու իրավունքների խախտումներ է նկատում: Եվ դա այն դեպքում, երբ նույն Միշելը չնկատելու տվեց Արցախում մարդու իրավունքների խախտումները, որոնք դրսևորվեցին էթնիկ զտումների տեսքով:

Վրաստանի իշխանությունը քննադատվում է Արևմուտքի կողմից, քանզի Իվանիշվիլին ու իր թիմը պայքարել են հանուն Վրաստանի անկախության և ինքնիշխանության՝ չցանկանալով երկրորդ Ուկրաինայի վերածվել:

Վրաստանի ընտրությունների ընթացքին հետևել է շուրջ 22.000 դիտորդ, չեն արձանագրվել լուրջ խախտումներ, բայց Արևմուտքը քննադատում է վրաց ժողովրդի ընտրությունը՝ բացահայտորեն ցույց տալով, որ ԵՄ-ի «կոնֆետը» վրացիներին հրամցրել են վերջիններիս որպես մանրադրամ օգտագործելու համար: Ու երբ վրաց ժողովուրդն իր հավաքական կամքով չի համաձայնել այդ դերին, արժանացել է քննադատության:

Այս ամենը ցույց է տալիս, որ դասական ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանել «Կոլեկտիվ» Արևմուտքից: Վերջինիս համար ժողովրդավարության այլասերումը, գեդոնիզմը դարձել են գերակա արժեքներ:

Բոլորը հիմա տեսնում են, որ մարդու իրավունքների պաշտպանության մասին բարձր գոռացողների համար մարդը տաշեղ է, որը պետք է դեն նետվի, երբ խնդիր է դրված հատել անտառը: «Նպատակն արդարացնում է միջոցները» տխրահռչակ կարգախոսը դրսևորվում է կատարյալ ցինիկ ձևով: Դրան զոհ են դառնում ուկրաինացիները, վրացիները, հայերը, մոլդովացիները և բոլոր նրանք, ում «Կոլեկտիվ» Արևմուտքն ուզում է օգտագործել:

Հայաստանը ևս հայտնվել է օգտագործվողների շարքում: Հետևանքները տեսանելի են:

Սա նեոռասիզմ է: Ո՞ւմ մտքով կանցներ, որ գեբելսյան քարոզչամեքենան կկատարելագործվի և կկիրառվի ֆաշիզմը մերժող Արևմուտքի որոշ շրջանակների կողմից: Ջորջ Օրուելը հաստատ չէր կարող պատկերացնել, որ իր «Անասնաֆերմայում» կամ «1984»-ում նկարագրածը շատ մեղմ է լինելու մեր օրերի համեմատ կամ դրսևորվելու է ամենագռեհիկ ձևով:

Այս ողբերգական պատմության մեջ միակ լուսավոր կողմն այն է, որ բուն Արևմուտքում էլ են ընդվզում նմանատիպ քաղաքականության դեմ: ԱՄՆ-ում, ԵՄ-ում տեղի ունեցող գործընթացները, ընտրության արդյունքները ցույց են տալիս, որ Արիստոտելի, Լոկի, Մոնտեսքյուի, Ռասելի հայացքները պաշտպանողներ կան և ամեն ինչ կորած չէ: