Կոչուբաևի նկատմամբ դատարանը մեղադրական վերդիկ...

Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել։

Ըստ մեղադրանքի՝ 2025 թվականի հոկտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված հրապարակմամբ նա, անդրադառնալով Մկրտիչ Սրբազանի կալանավորմանը վերաբերող քրեական վարույթին, քննիչների, հսկող դատախազի և կալանավորման որոշում կայացրած դատավորի վերաբերյալ օգտագործել էր արտահայտություններ, որոնք, մեղադրող կողմի գնահատմամբ, արատավորել էին նրանց պատիվն ու արժանապատվությունը և վնաս պատճառել իրավունքներին ու օրինական շահերին։

Հիշեցնենք, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակակվել է հոկտեմբերի 16-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրի մոտից՝ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստից հետո, ընդ որում, ԱԱԾ-ն փաստաբանի ձերբակալությունն  իրականացրել է անհամաչափ ուժի գործադրմամբ՝ դիմակավորված վիճակում և գետնին պառկեցնելով։ Պարզվել է, որ փաստաբանի ցուցադրական ձերբակալության պատճառը եղել է նրա ֆեյսբուքյան գրառումը, որում փաստաբանը կոշտ քննադատել էր իրավապահներին՝ Մկրտիչ Սրբազանի կալանավորման համար։   Կոչուբաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, հոկտեմբերի 17-ին՝ վաղ առավոտյան, հրապարակեց Կոչուբաևին երկու ամսով կալանավորելու որոշումը։ Այլ խոսքով՝ ՀՀ-ում փաստաբանը կալանավորվել էր խոսքի համար, ընդ որում, ձերբակալվել՝ ցուցադրաբար, ինչը մտահոգություններ է առաջացրել մասնագիտական համայնքում։ Փաստաբանի խափանման միջոցը փոխվել է հոկտեմբերի 28-ին։