Կոչ եմ անում որքան հնարավոր է շուտ ստորագրել...

Անկեղծ շնորհավորում եմ նախագահ Իլհամ Ալիևին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման կապակցությամբ։ Սա վճռական քայլ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները լիարժեք կարգավորելու և տարածաշրջանը բացելու ուղղությամբ։ Այս մասին X-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:

«Այժմ ձեզ կոչ եմ անում առաջ շարժվել և որքան հնարավոր է շուտ ստորագրել խաղաղության պայմանագիրը։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել բոլոր հետագա քայլերին, որոնք ուղղված են Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովմանը», - ասել է Կոշտան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը ողջունել են Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան:

Երեկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի  չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։

Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաստատում է  «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»  համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։

Այսպիսով, Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ»: