Կոչ եմ անում չհուսահատվել և չկորցնել հավատը։...

Իշխանությունները, ցավոք, հերթական անգամ փորձում են ընտրարշավը վերածել սպառնալիքների: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Սյունիքի մարզում՝ Մեղրիում, Ագարակում և Կապանում, մեր հայրենակիցների ջերմ ընդունելությունն ու վստահությունը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մարդիկ սպասում են լավ փոփոխությունների։ Այս օրերին, ցավոք, իշխանությունները հերթական անգամ փորձում են ընտրարշավը վերածել սպառնալիքների, քաղաքական շանտաժի և վախի մթնոլորտի։ Ժողովրդավարության մասին բարձր խոսողները այսօր չեն հանդուրժում այլակարծությունը, իսկ ընդդիմության յուրաքանչյուր քննադատություն ընդունում են ագրեսիայով ու ճնշումներով։

Բայց մարդիկ այլևս չեն ուզում ապրել ատելության և թշնամանքի մթնոլորտում։ Ոչ մի ապօրինի ձերբակալություն կամ քաղաքական հետապնդում չի կարող լռեցնել ժողովրդի ձայնը։ Կոչ եմ անում չհուսահատվել և չկորցնել հավատը։ Շատ շուտով միասին սկսելու ենք նոր ճանապարհ՝ ավելի համախմբված և վստահ վաղվա օրվա նկատմամբ։ Մեր նպատակը հայ մարդու արժանապատվության, պետության նկատմամբ վստահության և ազգային միասնության վերականգնումն է»։