Կոչ է արվել երեխաների վերաբերյալ տեղեկություն...

ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում պետական մարմիններին, կրթական հաստատություններին, լրատվամիջոցներին և հանրության բոլոր ներկայացուցիչներին՝ երեխաների վերաբերյալ ցանկացած տեղեկություն հրապարակելիս և տարածելիս առաջնորդվել առավելագույն զգուշությամբ:

«Վերջին շրջանում անչափահասների մասնակցությամբ հանրային հնչեղություն ստացած դեպքերի վերաբերյալ տարածվող տեղեկությունները և դրանց շուրջ ձևավորված հանրային արձագանքը վերահաստատում են երեխաներին վերաբերող տեղեկությունների հրապարակման հարցում առավել բարձր զգուշավորության և պատասխանատու մոտեցման անհրաժեշտությունը։

Երեխաների մասին տվյալների մշակումը պահանջում է հատուկ պատասխանատվություն։ Պետք է բացառել այնպիսի տեղեկությունների հրապարակումը, փոխանցումը կամ վերարտադրումը, որոնք չեն բխում հստակ նպատակից և երեխայի լավագույն շահից, կամ կարող են հանգեցնել երեխայի ուղղակի կամ անուղղակի նույնականացման, անձնական կյանքի խախտման և այլ բացասական հետևանքների»,– փոխանցմամբ՝ նշված է Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նախարարությունից հիշեցնում են, որ նույնիսկ առանձին վերցված չեզոք թվացող տեղեկությունների համադրության արդյունքում կարող է բացահայտվել երեխայի ինքնությունը։ Այդ պատճառով հատկապես կարևոր է խուսափել այնպիսի տվյալների հրապարակումից, որոնք կարող են նույնականացնել երեխային կամ բացահայտել նրա անձնական կյանքի մանրամասները։

«Գործակալության կողմից նախկինում մշակվել են երեխաների վերաբերյալ անձնական տվյալների մշակման թեմայով ուղեցույցներ, որոնք նախատեսված են աջակցելու պետական մարմիններին, կրթական հաստատություններին, մասնագետներին, լրատվամիջոցներին և այլ դերակատարներին՝ այս հարցերում առավել զգույշ և իրավաչափ գործելու համար։

ՀՀ արդարադատության նախարարությունն` ի դեմս Անձնական տվյալների պաշտպանության գործակալության, պատրաստակամ է համագործակցել գործընկեր կառույցների հետ, կազմակերպել իրազեկման աշխատանքներ և անհրաժեշտության դեպքում տրամադրել մասնագիտական խորհրդատվություն։ Երեխայի լավագույն շահը պետք է լինի առաջնահերթ բոլորի համար»,– եզրափակվում է հաղորդագրությունը։

Հաղորդագրությանը կից հրապարակվել են նաև վերոնշյալ ուղեցույցները

1. https://pdpa.am/public/uploads/12.pdf

2. https://pdpa.am/public/uploads/6.pdf

3. https://pdpa.am/public/uploads/1.pdf