Հայաստանի իշխանությունները կխստացնեն հաշմանդամության կեղծ եզրակացություններ տվող բժիշկների ստուգումները։ Այս մասին մարտի 25-ին ԱԺ նիստում ասել է ՀՀ կառավարությանն առընթեր տեսչական մարմինների աշխատանքը համակարգող բյուրոյի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ «Քաղաքացիների ֆունկցիոնալությունը գնահատելու մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ։ Օրինագծի համաձայն, եթե հաշմանդամության հանձնաժողովի որեւէ բժիշկ մեկ տարվա ընթացքում երեք սխալ եզրակացություն ունենա, ապա առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը պարտավոր է այդ մասին զեկուցել առողջապահության նախարարությանը: «Այնտեղ էլ կորոշեն՝ այդ սխալները բժշկի՞ց են կախված եղել, թե՞ այլ գործոններից, օրինակ՝ փաստաթղթերում տառասխալներ են եղել, դրա հիման վրա առողջապահության նախարարությունը կորոշի՝ չեղյալ համարե՞լ բժշկի լիցենզիան, թե՞ ոչ»,- պարզաբանել է Մարտիրոսյանը։ Բացի այդ, տեսչությունը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը կտեղեկացնի սոցաշխատողների ոչ ճիշտ եզրակացությունների մասին, որոնք հանգեցրել են նպաստենրի ոչ նպատակային նշանակման։



