ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 21-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Թիերի Ռիբոյին՝ Ադրբեջանի իրավազորության տակ հայտնված հայերի իրավունքների պաշտպանության գործում պատվիրակության կողմից գործադրվող ջանքերի համար, նշելով, որ Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, որը պետք է բացառի ցանկացած տեսակի նվաստացնող վերաբերմունք:
«Միաժամանակ, Սուրեն Պապիկյանը ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ղեկավարին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մտահոգությունը՝ ադրբեջանական իշխանությունների կողմից մինչ օրս ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման բացառապես մարդասիրական հարցը քաղաքական շահարկումների առարկա դարձնելու փորձերի վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի միջև աշխատանքների համակարգմանն առնչվող այլ խնդիրներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ Թիերի Ռիբոն հավաստիացրել է, որ ԿԽՄԿ պատվիրակությունն իրականացնում է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ անհայտ կորած անձանց ճակատագրերի, ինչպես նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվության պարզաբանման ուղղությամբ: