Կիպրոսում անտառային հրդեհների հետևանքով երկու...

Կիպրոսի Հանրապետության իշխանությունները, ստացված միջազգային օգնության աջակցությամբ, շարունակում են պայքարել հզոր բնական հրդեհների դեմ։ Դրանք շոգի և ուժեղ քամու պայմաններում շարունակում են մոլեգնել Կիպրոսի Լիմասոլ քաղաքից հյուսիս և հյուսիս-արևմուտք գտնվող լեռնալանջերում և արդեն հանգեցրել են մարդկային զոհերի։ Այս մասին տեղեկացրել է կղզի պետության ոստիկանությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ չորեքշաբթի ուշ երեկոյան քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները հրդեհի տարածման գոտում հայտնաբերել են «ամբողջությամբ այրված ավտոմեքենա, որի ներսում դիակ է հայտնաբերվել»։ Սակայն հինգշաբթի առավոտյան իրավապահները պարզել են, որ այրված մեքենայի մեջ եղել են նաև երկրորդ մարդու մնացորդները։ «Ոստիկանությունը պարզում է զոհվածների ինքնությունը», - ասվում է հաղորդագրությունում։

Լոֆու գյուղում, որտեղ այրվել են մի քանի բնակելի տներավտոբուսով մեկնող 36 մարդ է հայտնվել կրակի թակարդում, սակայն իշխանություններին հաջողվել է նրանց տարհանել վտանգավոր գոտուց։ Սակայն, ինչպես տեղեկացրել է Կիպրոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը՝ նրանց ժամանակավոր տեղակայման կենտրոններ տեղափոխելու հետագա փորձն անհաջող է անցել, քանի որ ճանապարհը փակվել է հրդեհի նոր օջախներով և տուժածներին ստիպված են եղել հետ վերադարձնել գյուղ։

Լետիմբիոտիսը նաև հայտնել է, որ Կիպրոսը հրդեհները մարելու համար օգնություն է խնդրել արտասահմանյան երկրներից և որ օգնություն են խոստացել տրամադրել Հորդանանը և Իսպանիան։ Կիպրոսի ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ երկու երկրներն էլ կղզի են ուղարկել երկուական հրդեհաշիջող ինքնաթիռ։ Հրդեհի մարմանը աջակցում է նաև կղզում տեղակայված Մեծ Բրիտանիայի Ակրոտիրի ռազմաբազայի հրդեհաշիջող ավիատեխնիկան։