![Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատ...](/imgs/posts/medium/2023/04/10a5fc0.jpeg)
ՀՅԴ Կիպրոսի կոմիտեն և ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի հանձնախումբը, նկատի ունենալով Լաչինի միջանցքի փակումը և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական շարունակական սադրանքները, գործակցելով կիպրահայ համայնքի պետական ներկայացուցչի հետ, ինչպես նաև Արցախի բարեկամների շրջանակի հետ, խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Ադրբեջանին դատապարտող բանաձև։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ ներկայացված բանաձևn ապրիլի 6-ին քննարկվել է խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում և միաձայնությամբ ընդունվել։ Բանաձևը Ադրբեջանին դատապարտմանը զուգահեռ, վերջինիս հորդորում է անմիջապես բացել միջանցքը։
ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի հանձնախումբը շնորհակալություն է հայտնում Կիպրոսի խորհրդարանական կուսակցություններին և վերահաստատում իր հանձնառությունը՝ հետայսու ևս շարունակել Հայաստանի ու Արցախի միջազգային շահերի պաշտպանության շուրջ աշխատանքները։ Հանձնախումբը հավատացած է` համազգային ջանքերի միավորմամբ և միջազգային հանրության տարբեր շրջանակների աջակցության ապահովմամբ հնարավոր կլինի հաղթահարել թուրք-ադրբեջանական ծավալապաշտական նկրտումներն ու աշխարհաքաղաքական մարտահրավերները։