«Կին ուտող» կին դատախազը

Մի ժամանակ Հայաստանում նորաձեւ դարձավ խոսել կանանց՝ պետական կառավարման բարձր օղակներում ներգրավման անհրաժեշտության մասին։ Հասարակության մի մեծ հատված համոզված էր, որ կանայք՝ որպես ավելի նրբազգաց, կարեկցող ու արդարամիտ էակներ, կփոխեն իշխանական համակարգի հոտած մթնոլորտը։ Ճակատագրի հեգնանքով՝ այսօր Նիկոլ Փաշինյանի վարչակարգում կանայք թե՛ բարձրաստիճան պաշտոններում են, թե՛ ամենաանհետեւանք ապօրինությունների գործիքակիրն են։


Օրինակ՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Կին դատախազի քավորությամբ կալանավորվում է երեք անչափահաս երեխայի մայր՝ Լիանա Հարությունյանը, միայն այն բանի համար, որ մեկ դատական նիստի չի ներկայացել՝ չունենալով փոքրիկներին խնամող։ Նրանցից մեկը՝ ընդամենը ութ ամսական։


Սա ոչ թե անզգայություն է, այլ՝ համակարգային դաժանություն։ Կնոջ կողմից կնոջ դեմ՝ պետության անունից։


Ու եթե սա տեղի ունենար մեկուսացված դեպքով, գուցե այն կարելի էր բացատրել օրինականության հանդեպ խստապահանջությամբ։ Բայց իրականությունը ուրիշ բան է ասում․ նույն համակարգը ազատության մեջ է թողել թմրավաճառին, որը դպրոցահասակ երեխաներին թմրադեղ է տվել։ Այո, իրականում այս երկիրը ոչ թե «կանացի ձեռքերի», այլ արդարության և մարդկային վերաբերմունքի կարիք ունի։


Սեռը ոչինչ չի որոշում, երբ գաղափարախոսությունը նույնն է։ Երբ մարդը ծառայում է ոչ թե օրենքին կամ բարոյականությանը, այլ կոնկրետ քաղաքական կամքին, այլեւս նշանակություն չունի՝ կին է, թե տղամարդ։ Եթե համակարգը կործանարար է, նրա գործիքներն էլ դառնում են կործանարար՝ անկախ սեռից։


Նրանք, ովքեր ժամանակին կանանց ներկայացնում էին որպես նոր հույսի աղբյուր, այսօր պետք է մտածեն՝ արդյո՞ք հարցը սեռում էր, թե արժեհամակարգում։