Հյուսիսային Կորեան, աճող թվով արտաքին սպառնալիքների ֆոնին, պետք է մեծացնի իր պատրաստությունը միջուկային առճակատմանը, ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Նրա խոսքով՝ այժմ եկել է «միջուկային ուժերի ամրապնդման իրականացման համար առանցքային տարին», գրում է kommersant.ru-ն:
Կիմ Չեն Ընը բարձրացրել է այդ հարցը միջուկային նյութերի արտադրության բազա և միջուկային զենքի հետազոտական կենտրոն կատարած այցի ժամանակ։
Նա ասել է, որ անհրաժեշտ է մեծացնել միջուկային արտադրության պլանը և «նորարար արդյունքների հասնել երկրի միջուկային վահանի ամրապնդման գործում»: Նա պնդել է, որ հանրապետության ներուժն այս ոլորտում «ամեն օր ուժեղանում է»։
«Չափազանց կարևոր է շարունակաբար ամրապնդել միջուկային վահանը, որը կարող է հուսալիորեն երաշխավորել ազգային ինքնիշխանությունը, շահերը և զարգացման իրավունքը՝ միաժամանակ ռազմավարականորեն նախապատրաստվելով անվտանգության նոր ռիսկերին՝ ազգային հեղինակությունը բարձրացնելու և ազգային շահերը պաշտպանելու համար», - ասել է Կիմ Չեն Ընը:



