ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կիևը պետք է ավելի արագ որոշումներ կայացնի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։
«Նրանք (բանակցողները) մոտենում են ինչ-որ արդյունքի, բայց հույս ունեմ, որ Ուկրաինան ավելի արագ կգործի, քանի որ ամեն անգամ, երբ նրանք շատ են ուշացնում, Ռուսաստանը փոխում է իր միտքը», - ասել է Թրամփը՝ պատասխանելով հանգստյան օրերին Ֆլորիդայում պլանավորված բանակցությունների վերաբերյալ հարցին։
Թրամփը ևս մեկ անգամ կրկնել է, որ ութ պատերազմ է դադարեցրել, և կարծում էր, թե այս պատերազմն ավելի հեշտ կլինի կարգավորել։
«Սա ավելի բարդ է, քան կարծում էինք, բայց հնարավորություն կա, որ մենք կարող ենք շուտով դա անել (խմբ.՝ կարգավորել հակամարտությունը)», - նշել է նա։
Ըստ AFP գործակալության՝ Սպիտակ տնից հայտնել են, որ ԱՄՆ և ՌԴ պաշտոնյաներն առաջիկա հանգստյան օրերին կհանդիպեն Մայամիում՝ քննարկելու խաղաղության ծրագրի շուրջ հետագա քայլերը։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունները դեկտեմբերի 19-ին և դեկտեմբերի 20-ին նոր բանակցություններ կվարեն ԱՄՆ-ում։



