Կիեւը դեմ է Ուկրաինա Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այցին՝ «Ռուսաստանի հետ նրա ունեցած կապերի պատճառով»։
Spiegel-ի փոխանցմամբ՝ Շտայնմայերը ներկայումս պետական այցով գտնվում է Լեհաստանում։ Դրանից հետո նա պլանավորել էր Կիեւ մեկնել։ Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է ընդունել նրան։ Պատճառն, ըստ ամենայնի, վերջին տարիներին Ռուսաստանի հետ Շտայնմայերի սերտ կապերն են։ Արտգործնախարարի պաշտոնում Շտայնմայերը սերտ կապերի մեջ էր իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։
«Մենք բոլորս գիտենք Ռուսաստանի հետ Շտայնմայերի սերտ կապերի մասին։ Ներկայումս նրան Կիեւում ուրախ չեն տեսնել։ Տեսնենք՝ կփոխվի արդյոք սա»,- ուկրաինացի դիվանագետին է մեջբերել Bild տաբլոիդը։
Շտայնմայերն ինքը, երեքշաբթի օրը հաստատել է, որ Կիեւում չեն ցանկացել իր այցը առաջիկա օրերին։ Այս մասին նա հայտարարել է գերմանական հեռուստաալիքների եթերում՝ գտնվելով Վարշավայում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Իմ լեհ գործընկերը վերջերս առաջարկեց, որ մենք Էստոնիայի, Լիտվայի եւ Լատվիայի նախագահների հետ միասին մեկնենք Կիեւ՝ համատեղ եվրոպական համերաշխության ազդանշան ուղարկելու համար։ Ես պատրաստ էի, բայց, ըստ երեւույթին, պետք է հաշվի առնեմ, որ Կիեւում չեն ուզում»,- ասել է նա: Այլ մանրամասներ նա չի հայտնել։



