ԿՀՎ-ն հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագի...

ԿՀՎ-ի (Կենտրոնական հետախուզական վարչության) տնօրեն Ջոն Ռեթքլիֆը հայտարարել է, որ վարչությունը «հավաստի հետախուզական տվյալներ» ունի այն մասին, որ Իրանի միջուկային ծրագիրը «լրջորեն տուժել է» միջուկային օբյեկտներին հասցված ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով։ Այս մասին նշված է Ռեթքլիֆի հայտարարության մեջ։

«ԿՀՎ-ն կարող է հաստատել, որ հավաստի հետախուզական տվյալների ամբողջությունը ցույց է տալիս՝ Իրանի միջուկային ծրագիրը լրջորեն տուժել է վերջերս հասցված նպատակամետ հարվածների հետևանքով», - ասվում է հայտարարության մեջ։

Նա ասել է, որ խոսքը նոր հետախուզական տվյալների մասին է, որոնք ստացվել են «պատմականորեն հուսալի և ստույգ» աղբյուրի և մեթոդի օգնությամբ։

Դրանց համաձայն՝ «իրանական մի քանի կարևոր միջուկային օբյեկտներ ավերվել են, և դրանք վերականգնելու համար շատ տարիներ կպահանջվեն»։

Հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտների Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզում։ ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ Իրանի միջուկային ծրագիրն ամբողջությամբ ոչնչացվել է այդ գրոհների հետևանքով՝ չնայած ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկություններին, թե Թեհրանը մի քանի ամսից կարող է վերականգնել իր միջուկային ծրագիրը։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն իր հերթին Al Jazeera-ին հայտնել է, որ երկրի միջուկային օբյեկտները լուրջ վնասներ են կրել ավիահարվածներից։