Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Քաղաքացու օրը» նշելուն՝ պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասաց, որ տեղեկություն չունի՝ թե ինչի վրա է ծախսվելու գործադիրի կողմից տոնի համար տրամադրված 124 միլիոն դրամը, Ես տեղեկություն չունեմ, թե ինչի վրա է ծախսվելու Քաղաքացու օրը նշելու համար նախատեսված 124 մլն դրամը՝ նշելով, որ այսօր էլ կարևոր օր է.«Այսօր այն օրն է, երբ Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեցին, և ես մի քանի իմ ընկերների հետ մնացի միանձնյա ժողովրդի հետ և պետք էր պահել: Այսօրվանից սկսած՝ ամեն օր էլ տոն է, մինչև ավելի լավ ու կարևոր իրադարձություններ»:
Դիտարկմանը, որ շատերը պնդում են, թե այս գումարը կարելի էր ծախսել սոցիալական այլ խնդիրներ լուծելու համար, Ալեն Սիմոնյանն արձագանքեց, թե ինքը հարցումներ է լսել քաղաքացիների հետ, որոնք պնդում են, որ պետք է նման տոն ունենալ.«Դա հերթական տոնախմբությունը չէ, դա շատ կարևոր մի իրադարձության արձանագրում է: Խոսքը քաղաքացու գերակայության, քաղաքացու դերի բարձրացման մասին է, և այդ քաղաքացին է այսուհետ որոշելու ՀՀ-ում ամեն ինչ: Այդ օրը համեստ կերպով նշելը սխալ կլիներ»։
Սիմոնյանի կարծիքով՝ մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ կերպ պետք է տոնը նշվի։ Նա շեշտեց՝ խոսքը 124 մլն դրամի փուչիկ գնելու մասին չէ.«Խոսքը քննարկումների, քաղաքացիական գիտակցությունն էլ ավելի շատ բարձրացնելու և այդ երևույթն էլ ավելի զարգացնելու մասին է, որը բերելու է ՀՀ-ին ավելի մեծ հաղթանակներ»։



