
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը։
Կառավարությունն առաջարկում է Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում և Տավուշի մարզի Իջևան քաղաքում խոշորացումներ անել։ Մասնավորապես՝ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում ընդգրկել Լերմոնտովո ու Անտառաշեն գյուղերը։
Իսկ Տավուշի մարզի Իջևան համայնքում ընդգրկել Իջևան քաղաքը, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան, Կայան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն գյուղերը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պաիկյանն ասաց, որ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում Լերմոնտովո և Իջևան համայնքներում կնշանակվեն ընտրություններ։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր 85 կողմ, 21 դեմ, 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները կողմ չեն խոշորացմանը։