«Շիշ բռնող»-ը ՔՊ-ում քննություն կհանձնի. նիստ...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, մամուլում «շիշ բռնող» մականունով հայտնի Հայկ Սարգսյանի՝ ժամկետային զինծառայությունից փողով ազատվելու նախագիծը թեժ քննարկվել է նաև երեկ՝ ՔՊ վարչության նիստի ժամանակ:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նախագծում առկա խնդիրները, բացատրել, որ «կողմ» և «դեմ» տեսակետները խաչվում են իրար, բայց ռիսկային է նախագիծը:

Փաշինյանը պահանջել է կոնկրետ քննարկումներ ունենալ, հստակեցնել, որ նախընտրական այս փուլում նախագիծն իրենց ռեյտինգի վրա վատ ազդեցություն չունենա:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները նշում են, որ մայիսի 29-ին նախարար Պապիկյանն ԱԺ է գնալու՝ ՔՊ խմբակցության փակ նիստին մասնակցելու, որտեղ պետք է Հայկ Սարգսյանի մասնակցությամբ կայանա քննարկումը:

Հիշեցնենք, որ նախագծի համաձայն՝ քաղաքացիներին հնարավորություն կտրվի վճարել որոշակի գումար՝ ժամկետային զինծառայությունից ազատվելու կամ դրա փոխարեն այլընտրանքային ծառայության անցնելու համար։ Նախագծի մանրամասները պաշտոնապես դեռևս չեն հրապարակվել, սակայն, ըստ շրջանառվող տեղեկությունների, քննարկվում է վճարի չափը և դրա կիրառման պայմանները։

Բայց այս նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, օրենքներին, քանի որ ՀՀ-ում զինծառայությունը պարտադիր է․ հիմա մականունավոր պատգամավորը բանակում ծառայելու «մենյու» է առաջարկում, ինչը տարբեր փորձագետներ հակահայկական ու հակաազգային են բնութագրել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: