Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել և ընդ...

Ազգային ժողովը նոյեմբերի 22-ին գումարված արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր:

««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է վարչական բյուջեի պահուստային մաս տեղափոխվող եկամուտների սահմանաչափը սահմանել 5-ից 30 տոկոսի չափով:

««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Հիմնական զեկուցողը նշել է, որ քննարկվող նախաձեռնության հրատապությունը պայմանավորված է նրանով, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին պետք է հնարավորություն ընձեռել արագ ընթացակարգով իրացնելու իրենց սոցիալական պաշտպանության երաշխիքներըգ ստանալ կենսաթոշակներն ու նպաստները: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերանայել օրենսդրական որոշ կարգավորումներ, լիազորություն վերապահել Կառավարությանը սահմանելու փախստականների կենսաթոշակի, նպաստի իրավունքի իրացման ընթացակարգերի առանձնահատկությունները:

««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ ձեռնարկատերերի պետական հաշվառումը և իրավաբանական անձանց պետական գրանցումը ճանաչելու համար կստեղծվեն իրավական հիմքեր:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնության ընդունումը պայմանավորված է էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումը և օտարումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասով գործող օրենսդրական նորմը ևս երկու տարով երկարաձգելու անհրաժեշտությամբ:

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով Կառավարությունն առաջարկել է նվիրատվության բոլոր գործարքների համար սահմանել պարտադիր նոտարական հաստատման եղանակ: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով հետևել նախագծի արդյունքներին՝ դրական կամ հնարավոր բացասական հետևանքներին: «Արձանագրել ենք, որ այս փոփոխությունից հետո անհրաժեշտություն է առաջանում անդրադառնալ նոտարական գրասենյակների, նոտարի կողմից անշարժ գույքի հետ կապված գործարքն անփոփոխ, պետական գրանցում ենթադրող նաև գործընթացն ավարտին հասցնելու հարցի քննարկմանը»,- ասել է հանձնաժողովի նախագահը:

«ՀՀ շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ կհստակեցվի Շրջակա միջավայրի պահպանության ծառայության կարգավիճակը, ինչպես նաև պետական անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության գործառույթները, շրջակա միջավայրի պահպանության օրենսդրության կիրառման նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմնի լիազորությունները: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը տեղեկացրել է, որ քննարկումների ընթացքում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանն առաջարկել է Շրջակա միջավայրի պահպանության ծառայությունն անվանափոխել Էկոպարեկային ծառայության, ինչն ընդունվել է:

Հակոբ Սիմիդյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել նաև ջրային ռեսուրսների կառավարմանն ուղղված «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Քննարկված օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ գլխադասային հանձնաժողովները տվել են դրական եզրակացություններ:

Խորհրդարանը քվեարկություններով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է քննարկված օրենքներն ու օրենքների նախագծերի փաթեթները:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը: