ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հակասական հայտարարություն է արել հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում։
Մայիսի 5-ի ճեպազրույցում, խոսելով ներքաղաքական իրավիճակի եւ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության վարկանիշի մասին, Սիմոնյանը հայտնել է, որ «դրսից մեծ փողեր են ծախսվում»։ «Հյուսիսային հարեւանի կողմից»,- նշել է Սիմոնյանը՝ համաձայնելով լրագրողների հուշմանը, այո, Ռուսաստանի։ Նրա խոսքով՝ Հայաստանի դեմ վարվում է հիբրիդային պատերազմ, այն պարբերաբար ակտիվանում է, դրանում գործադրված են ոմն ռուս փորձագետներ հայկական ազգանուններով, փորձում են «փոխել իշխանությունը», հանրահավաքներ հայտարարել եւ այլն։
Սիմոնյանը վստահ է, որ այդ փորձերը կակտիվանան մինչեւ 2026թ. ընտրությունները եւ հակառակ էֆեկտ կունենան, իսկ «ՔՊ» վարկանիշը կկրկնապատկվի։
Ընդհանուր առմամբ, Սիմոնյանը հեղաշրջման սպառնալիք չի տեսնում, որովհետեւ վստահում է ժողովրդին։ Նրա խոսքով՝ նման նպատակներ դրվել են դեռ 2020-ից, եւ բոլորն՝ անարդյունք։
Հարցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն անցանկալի է ՌԴ-ի համար, Սիմոնյանը անկեղծ զարմանք է ձեւացրել. «Ինչո՞ւ է անցանկալի։Մեզ հակառակն են ասում»։
Վերադառնալով հիբրիդային պատերազմի պատճառներին՝ ԱԺ նախագահը հայտնել է, որ բոլորին չէ, որ դուր է գալիս Հայաստանի ինքնուրույնությունը։ «Նրանց կարծիքով՝ Հայաստանը միշտ պետք է կախված լինի մի ինչ-որ կենտրոնից, ավագ եղբայր ունենա եւ մտածի, որ առանց ավագ եղբոր կամ գերտերության նրան կուտեն, իսկ իր գոյությամբ նա պարտական է նրան»,- նշել է Սիմոնյանը՝ ավելացնելով, որ դա պետք էր, որպեսզի ՄԱԿ-ում եւ այլ հարթակներում քվեարկի ինչպես իրենք են ուզում, պաշտպանի պատերազմը եւ այլն, իսկ իրավիճակի փոփոխությունը Հայաստանն ավելի քիչ կառավարելի է դարձնում։



