Խորհրդարանական ընդդիմությունն ակնհայտորեն սպա...

Խորհրդարանական ընդդիմությունն այսօր հեռացավ դահլիճից, երբ պետք է քննարկվեր Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Հեռացավ մի պարզ պատճառով՝ որովհետեւ խորհրդարանական ընդդիմությունը ակնհայտորեն սպառել է իրեն, ընդդիմության դիսկուրսը և նարատիվը ակնհայտորեն ջախջախված է Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Խորհրդարանական ընդդիմությունը ՀՀ քաղաքացիներին ոչինչ չունի առաջարկելու եւ խուսափում է բանավեճից: Երբ կողմերից մեկը հրաժարվում է մսնակցել այդ բանավեճին, ավտոմատ կերպով ընդունում է իր պարտությունը:

Ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիների ընկալումներում խորհրդարանական ընդդիմության առաջարկածը ոչ ուղիղ, բայց իրենց շրջաբերականում ու հանրային ելույթների եզրերում՝ մերժվել է ՀՀ քաղաքացիների կողմից: Ընդդիմությունն առաջարկում է Հայաստան, որը չունի սահմանազատված եւ սահմանագծված սահման, որը պետք է դառնա Միութենական պետության մաս: Մենք առաջարկում ենք դրա հակառակը: Կստացվի դա, թե ոչ, միայն մեզնից չի կախված, բայց մեր ջանքերը միտված են դրան»,-ասաց Վահագն Ալեքսանյանը:

Նրա խոսքով, հիմա Հայաստանի քաղաքական դաշտի մյուս ուժերը պետք է հայտ ներկայացնեն՝ զբաղեցնելու խորհրդանական ընդդիմության կամ գուցե ոչ ընդդիմության տեղերը. «Կամ առնվազն այն տեղը, որը քաղաքական հարթակում պետք է հատկացված լինի ընդդիմությանը: Այն, ինչ առաջարկում է ընդդիմությունը, մերժելի է ՀՀ քաղաքացիների մեծամասնության կողմից»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը: