Խնդրում եմ, զանգահարեք Վլադիմիր Պուտինին և աս...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Հնդկաստանը, Բրազիլիան և Չինաստանը կարող են երկրորդային պատժամիջոցների ենթարկվել Ռուսաստանի հետ համագործակցության շարունակման դեպքում: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Ես, մասնավորապես, խրախուսում եմ այս երեք երկրներին անել հետևյալը՝ եթե դուք այժմ ապրում եք Պեկինում կամ Դելիում, կամ Բրազիլիայի նախագահն եք, գուցե ցանկանաք դիտարկել սա, քանի որ սա կարող է շատ ծանր հարված հասցնել ձեզ», - ասել է Ռյուտեն լրագրողներին։

«Խնդրում եմ, զանգահարեք Վլադիմիր Պուտինին և ասեք, որ նա պետք է լրջորեն զբաղվի խաղաղության շուրջ բանակցություններով,  որովհետև հակառակ դեպքում դա լրջորեն կազդի Բրազիլիայի, Հնդկաստանի և Չինաստանի վրա», - հավելել է Ռյուտեն:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ Եվրոպան կգտնի միջոցներ, որպեսզի Ուկրաինայի համար «լավագույն դիրք» ապահովի հաշտության բանակցություններում: Ռյուտեի խոսքով՝ ըստ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի հետ ձեռք բերված համաձայնության՝ Վաշինգտոնն այժմ մեծ քանակությամբ զենքեր կմատակարարի Կիևին՝ «ոչ միայն ՀՕՊ համակարգեր, այլև հրթիռներ և զինամթերք, որի համար վճարում են եվրոպացիները»։

Նա նշել է, որ խոսքը գնում է ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական զենքերի մասին։ 

Հուլիսի 14-ին Սպիտակ տանը Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մոտավորապես 100 %-ի չափով ներմուծման մաքսատուրքեր կսահմանի Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ, եթե Մոսկվան և Վաշինգտոնը 50 օրվա ընթացքում համաձայնության չհասնեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ: