Խնդիրը միայն բնապահպանական չէ, կան բազմաթիվ խ...

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն Ամուլսարի հանքի շահագործման հետ կապած իր դիրքորոշումը չի փոխել։ Լրագրողների հետ զրույցում նա ևս մեկ անգամ նշեց, որ խնդիրը միայն բնապահպանական չէ, կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ անվտանգային։

«Վարչապետի կայացրած որոշումը միանշանակ ճիշտ  է, բոլոր առկա ռիսկերը, որոնք միայն բնապահպանական չեն, այլ՝ տնտեսական, հաշվի են առնվել։ Բոլոր ռիսկերը, կարծիքները հաշվի առնելով էլ՝ վարչապետը կայացրել է որոշում»,- ասաց նա։

Հարցին՝ արդյո՞ք վարչապետի կայացրած որոշումը չի պառակտի ԱԺ մեծամասնությունը, քանի որ խմբակցության որոշ պատգամավորներ տարակարծիք են, պատգամավորը պատասխանեց․

«Մենք պետք է հարմարվենք այն մտքին, որ ՀՀ-ում ձևավորված նոր իշխանությունը չի գործում նախկին տրամաբանության մեջ։ Այսինքն՝ յուրաքանչյուր մարդ անհատ է, որն ունի սեփական կարծիք։ Սեփական կարծիք ունենալը, կարծում եմ, որ շատ լավ է, քանի որ կարծիքների ու քննարկումների արդյուքնում են ծնվում միասնական որոշումներ»,- ասաց նա։