Խեղճ թաղապետը ի՞նչ անի, եկել են, սադրել են, ի...

Ձեր կոալիցիոն գործընկերները 10-20 հոգով դաժան ծեծի են ենթարկում բլոգերին, հետո նա ձերբակալված, հայտնվում է ոստիկանական բաժանմունքում: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ իր էլույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Թաղապետն էլ գործակարգավորական խորհրդակցության ժամանակ ներողություն է խնդրում Տիգրան Ավինյանից, բայց ոչ այն մարդուց, որին մարմնական վրացվածք են հասցրել:

Ի դեպ դրանից առաջ ամենակեղտոտ հայհոյանքներն է հնչեցրել էդ բլոգերին, ամեն ինչ սկսել է հենց դրանից:

Ոչ ոք իրավունք չունի դրանից հետո պաշտպանի թաղապետին: Ասում է՝ դե սադրել են, խեղճ թաղապետ ի՞նչ անի, եկել են սադրել են, ստիպված ծեծել են: Ասում է՝ դե մենք շատ ուժեղ տղերք ունենք, բայց մենք զսպեցինք որ չծեծեք, սուվերենության դեմ հարձակում է տեղի ունեցել, հա լավ ամոթ է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ առավոտյան թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները  բերման են ենթարկել միայն Չախոյանին: Ոստիկանությունից հայտնել են, որ նա հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու:

Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով տեղի ունեցածին, նշել են, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է, ընդ որում բռնությունը միայն ֆիզիկականը չէ:

Միջադեպից հետո Արթուր Չախոյանի աչքի տակ կապտուկ կար և արյան զեղման նշաններ:

Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հայհոյախառն և անվայելուչ արտահայտություններով ակցիա էին իրականացրել թաղապետարանում: Նրանք հայտարարել էին, որ սա պատասխանն է նրա, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռախոսով հայհոյել է իրենց:

Ավելի ուշ Տիգրան Տեր-Մարգարյանը, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է, նշել էր, որ լավ է արել, որ հայհոյել է:

Միջադեպի առթիվ երկու քրեական գործ է հարուցվել՝ մեկը խուլիգանության հոդվածքով՝ Չախոյանի եւ Մանուկյանի նկատմամբ, մյուսը՝ «ֆիզիկական ներգործության» հոդվածով՝ տեղի ունեցած ծեծի մասով, այդ թվում մեղադրանք է առաջադրվել նաև թաղապետի նկատմամբ: