Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման նպատակով։
ՀՀ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
Նշվում է, որ աշխատանքային խմբի ղեկավարը կատարված աշխատանքի վերաբերյալ պետք է 15-օրյա պարբերականությամբ զեկույցներ ներկայացնի ՀՀ վարչապետին, իսկ 1-ամյսա պարբերականությամբ էլ իրականացնի լայնածավալ հանրային իրազեկում և լուսաբանում։
Սահմանվել է, որ միջգերատեսչական աշխատանքային խումբը, անհրաժեշտության դեպքում, կարող է ստեղծել մասնագիտական աշխատանքային խմբեր:
Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն է, իսկ խմբի կազմում ընդգրկվել են ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և այլ պաշտոնյաներ։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգիչ էր համարել Երևանում առկա խցանումները՝ շեշտելով, որ այդ հարցը պետք է լուծում ստանա։



