Խաղաղությունը վերանայելու խոսույթով բացվում է...

Հստակորեն արձանագրվեց, որ Քոչարյանի, Կարապետյանի և Ծառուկյանի ղեկավարած ուժերը որդեգրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերանայելու քաղաքականություն։ Այս մասին Facebook–ի իր էջի «լայվում» հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա նշանակում է, որ նրանք գնում են պատերազմի դուռը բացելու ճանապարհով։ Այս օրերին այդ ուժերը խոսում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերաբանակցելու և պարտադրելու, այդ թվում ուժային եղանակով պարտադրելու մասին։ Սա միանշանակ և աներկբա նշանակում է ոչ միայն դուռը բացել պատերազմի համար, այլև անխուսափելի դարձնել։

Եթե նույնիսկ գնանք ամենալավատեսական կանխատեսումով, վերաբացել հաստատված խաղաղությունը, նշանակում է վերափոխելու հնարավորություն ստեղծել այն ամբողջ բովանդակությունը, որը մենք բանակցային պրոցեսի արդյունքում ի վերջո ֆիքսել ենք։ Տեսական մակարդակում կարող ենք համարել, որ այդ բովանդակությունը կարող է դառնալ ավելի լավը, բայց նույն տեսական մակարդակում այդ բովանդակությունը կարող է դառնալ ավելի վատը։ Բայց շատ ավելի հավանական է, որ այդ բովանդակությունը ամբողջությամբ կարող է փլուզվել։ Ինչպես այս պարզ, ամենաչեզոք վիճակագրական թվարկումը ցույց է տալիս, այսինքն երկուսը ընդդեմ մեկի է։ Մի հնարավորություն կա, որ այդ բովանդակությունը կարող է լավանալ և երկու հնարավորություն կա, որ այդ բովանդակությունը կարող է վատանալ։ Այս երկու հնարավորության դեպքում էլ զարգացման տրամաբանությունը տանում է դեպի պատերազմ։ Սա մենք պետք է շատ հստակ արձանագրենք»,– հայտարարեց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ հաստատված խաղաղությունը մի կողմ դնելը նշանակում է բացել պատերազմի դաշտը. «Առավել ևս այն խոսույթում, որ Քոչարյանի, Կարապետյանի և Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժերը այսօր գրեթե ամենօրյա ռեժիմով բարձրաձայնում են և որդեգրում են և հանդես են գալիս այդ դիրքերից։ Սա է պատճառը, որ մենք ասում ենք, որ այս խաչմերուկը պատմական խաչմերուկ է։

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն, մենք հաստատել ենք այդ խաղաղությունը, ինչը նշանակում է ամուր փակել ենք պատերազմի դուռը։ Հիմա իմ նշած ուժերը փորձում են բացել այդ դուռը, և դա միանշանակ ճակատագրական սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։

Խոսելով երաշխավորների մասին, ինձ համար ակնհայտ է և ցանկացած անաչառ դիտորդի համար ակնհայտ է, որ այդ խոսույթով ընդամենը բացվում է մեր տարածաշրջան և մեր երկիր խաղաղապահներ մտցնելու դուռը։ Իսկ թե ինչ հետևանքի է բերել խաղաղապահների գործունեությունը մեր աչքի առաջ, մենք դա բոլորս տեսել ենք և նույն փոցխի վրա երկու անգամ կանգնելու առաջնորդող ուժերը միանշանակ և աներկվա պետք է մերժվեն»,– ընդգծեց վարչապետը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանն ունեցել է անվտանգության երաշխավոր, որի պարտավորությունները դե յուրե շատ հստակ և շատ մանրակրկիտ ձևակերպված են եղել, բայց այդ մեխանիզմը չի աշխատել. «Նման մեխանիզմները չեն աշխատում և պատմությունը, այդ թվում հայ ժողովրդի պատմությունը դա է ցույց տվել։ Խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատվել է միայն ու միայն այն պատճառով, որ մենք հույսներս դրել ենք ոչ թե երաշխավորի, այլ ինքներս մեր վրա։ Դա համարել ենք մեր խնդիրը և մեր լուծելու խնդիրը։

Եվ ընդհակառակը, երբ որ մեր մտածողությունը եղել է երաշխավորային, պայմանական ասած, մենք մտածել ենք, որ ահա կա երաշխավոր և նա պիտի լուծի հարցերը, կամ մենք այդ հարցերը պետք է լուծենք նրա միջոցով, ամեն անգամ դա մեզ բերել է էսկալացիայի, սրման, դա բերել է պատերազմի, կորուստների։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատել ենք ծանր կորուստների գնով, բայց մենք դուրս ենք եկել պատմական նոր հանգրվան, երբ մենք գոյատևման օրակարգը փոխարինել ենք զարգացման օրակարգով և բոլոր նրանք, ովքեր ուզում են բացել խաղաղության վերանայման դուռը, անխուսափելիորեն մեզ հրում են, մեզ փորձում են հրել զարգացման ժամանակաշրջանից դեպի գոյատևման ժամանակաշրջան։

Ընդ որում, բոլոր այդ դեպքերում մեր պատմությունը ցույց է տվել, որ մենք գոյատևում ենք, ոչ թե մեր հայրենիքում, մեր պետությունում, այլ օտար պետություններում։ Ահա սա է պատճառը նաև, որ խաղաղության վերանայման օրակարգով հանդես են գալիս օտար պետությունների էմիսարները։ Եվ ես որևէ կասկած չունեմ, որ 2026–ի խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տեր է կանգնելու խաղաղությանը, որովհետև դա իր ստեղծած խաղաղությունն է, իր զրկանքների, իր տառապանքների, իր կորուստների, իր մտածումների, իր վերանայումների գնով ձեռք բերված խաղաղություն է։

Սա քո խաղաղություն է, Հայաստանի Հանրապետության հարգարժան, սիրելի, հարգելի քաղաքացի, և դու պետք է տեր կանգնես քո խաղաղությանը, քո պետությանը, քո անկախությանը, քո ինքնիշխանությանը։

Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը։

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ։

Խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների ընտանիքների առաջ և ծնկի եմ գալիս մեր բոլոր նահատակների առաջ։ Հայաստանի Հանրապետությունը ուժեղ, զարգացած, խաղաղ, անվտանգ, ամենամեծ հարգանքի տուրքն է մեր բոլոր նահատակներին»,– իր խոսքն ամփոփեց Փաշինյանը։