Խաղաղություն՝ նշանակում է հարաբերությունների կարգավորում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, «Կառավարության 2022թ. ծրագրի (2021-2026թթ.) ընթացքի եւ կատարողականի մասին» հաշվետվության քննարկման ժամանակ, ապրիլի 18-ին ասել է հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Հայաստանը պարտադիր կարգով պետք է կարգավորի հարաբերությունները հարեւանների հետ։ «Պետք է նշեմ մեր բացառիկ պատասխանատվությունը մարդկանց առջեւ, որոնք հավատում են Հայաստանի ապագային։ Պետք է նաեւ նշեմ մեր պատասխանատվությունը նաեւ բոլոր նրանց առջեւ, ովքեր կասկածանքով են վերաբերվում այդ ապագային։ Եվ այդ պատասխանատվությունը ներկա պատմական պահին կարող է միայն մեկ դրսեւորում ունենալ՝ խաղաղություն, որը նշանակում է հարաբերությունների կարգավորում բոլոր չորս հարեւանների հետ»,- ասել է վարչապետը։ Նա նշել է, որ Իրանի եւ Վրաստանի հետ կա միայն հարաբերությունները խորացնելու անհրաժեշտություն։
Սակայն գլխավոր հարցը, նրա խոսքով, այլ է. որքանով է դա իրատեսական եւ իրականանալի։ «Այս հարցը երկու կողմ ունի։ Նախ՝ խաղաղությունը չի կառուցվում միանձնյա։ Կարեւոր է, թե որքանով Ադրբեջանի գործողությունները եւ քաղաքականությունն ուղղված կլինեն խաղաղությանը։ Երկրորդ՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, եթե փոխզիջումներ ձեռք բերվեն, կարեւոր է հասկանալ, թե որքանով դրանք ընդունելի կլինեն Հայաստանի քաղաքացիների համար, եւ որքանով նրանք թույլ կտան այդ փոխզիջումների ցավոտ իրականացումը»,- ասել է Փաշինյանը։