Խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ առաջարկն...

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծում չկա մի կետ, որը նախատեսում է գործողություն միայն մեկ կողմի համար, բոլոր թեզերը վերաբերում են և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին:

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին շրջանի հռետորաբանությանն ու հայկական կողմից դրան ի պատասխան հնչող արձագանքին՝ Սիմոնյանն ասաց, որ ոչ մի կտրուկ բան տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ առաջարկների փոխանակումը շարունակվում է:

Այնուամենայնիվ, Ալեն Սիմոնյանը նկատեց, որ Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը հաճախ դուրս է բանակցությունների տրամաբանությունից։

Անդրադառնալով խաղաղության հնարավոր պայմանագրին՝ նա ասաց, որ բոլոր թեզերը վերաբերում են երկու կողմերին: «Պայմանագրի նախագծի մեջ չկա մի բան, որը վերաբերում է միայն մեկ կողմին: Օրինակ, երբ խոսքը զորքերի հետքաշման մասին է, խոսվում է հայելային հետքաշման մասին: Բոլոր թեզերը վերաբերում են և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին»,-ասաց նա:

Արձագանքելով Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի»-ի մասին՝ ԱԺ նախագահը վերահաստատեց, որ միջանցքի մասին կետ պայմանագրի նախագծում չկա և չի կարող լինել: