Խաղաղության օրակարգը միակողմանի օրակարգ է․ Սե...

Վերջին տարիների մեր դաշինքի, խմբակցության և դաշինքի մաս կազմող քաղաքական ուժերի ասած միտքն այսօր հաստատվում է։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Թուրք-ադրբեջանական տանդեմի  ճնշումները, պարտադրանքի լեզվով խոսելը ՀՀ-ի նկատմամբ շարունակվում են և շարունակական են լինելու։ Խաղաղության օրակարգը կեղծ է, իշխանությունները լավ չեն պատկերացնում խաղաղության օրակարգը, այն խաբկանք է ՀՀ-ի համար»,- ասաց Օհանյանը։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիր չի կարող լինել, քանի որ պատերազմում պարտված իշխանությունը միշտ գտնվում է  պարտադրանքի ներքո։

«Խաղաղության օրակարգը միակողմանի օրակարգ է, մեր կողմից դա խաղաղություն մուրալ է, իսկ հակառակորդի կողմից խաղաղության պարտադրանք։ Ալիևի հռետորաբանությունը չի փոխվել, որովհետև ինքը շարունակական ձևով նոր պահանջ է ներկայացնում։ Ադրբեջանի և Թուրքիայի համար այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», ենթակառուցվածքների բացումը, իսկ մեզ համար ամբողջ Սյունյաց աշխարհը անվտանգության երաշխիք են հանդիսանում, որպեսզի կարողանան կապ ունենալ միմյանց միջև։