ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, ավարտելով Դավոսում Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությունը, հայտարարել է, որ նոր կառույցն անօգուտ չի լինի՝ ընդգծելով դրա աշխատանքի գործնական բնույթը։ Այս մասին հաղորդում է Euronews-ը։
«Սա ժամանակի վատնում չի լինի։ Մենք չափազանց շատ ժամանակ ենք վատնել այն բաների վրա, որոնք երբեք տեղի չեն ունեցել։ Սա տեղի կունենա և արդեն տեղի է ունենում», - հայտարարել է Թրամփը։
Նա հավելել է, որ շատ երկրներ արդեն միացել են նախաձեռնությանը, և Խաղաղության խորհրդին մասնակցելու հետաքրքրությունը շարունակում է աճել, քանի որ, նրա խոսքով, կառույցն «իսկապես մեծ նշանակություն կունենա»։
Դոնալդ Թրամփը նաև նշել է, որ Գազայի հատվածը «հիանալի վայր» է, և որ Խաղաղության խորհուրդը կարևոր դեր կխաղա այդտեղի ժողովրդի կենսամակարդակը փոխելու գործում։
Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 22-ին տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությունը, որին մասնակցում էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արարողության ժամանակ Թրամփը, որը նախագահելու է Խաղաղության խորհրդում, շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրների ղեկավարներին, որոնք ընդունել են հրավերն ու մասնակցել ստորագրմանը։
ԱՄՆ նախագահը Խաղաղության խորհրդի ստեղծման մասին հայտարարել է հունվարի 16-ին։ Ամերիկացի առաջնորդը հրավիրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահին և ավելի քան 50 երկրների ներկայացուցիչների՝ մասնակցելու դրա աշխատանքներին։



