Խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները հ...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքներն «այնքան էլ հարթ չեն ընթանում, ինչպես կցանկանայինք»:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է ապրիլի 10-ին Աստանայում՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք հավատարիմ ենք կարգավորմանը, եւ պատերազմի ավարտին հենց Ադրբեջանն է առաջարկել սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ, որը գործնականում արդեն սկսվել է, սակայն այնքան հարթ չի ընթանում, որքան մենք կցանկանայինք, բայց դրան այլընտրանք չկա»,- ասել է Իլհամ Ալիեւը:

Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ հարեւանների միջեւ հարաբերությունները պետք է կարգավորվեն՝ «չնայած 30 տարվա օկուպացիայի ծանր պատմությանը»:

«Չնայած դրան՝ մենք նայում ենք ապագային ու հավատում, որ հնարավորություն կա ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի բոլոր հիմնարար նորմերի եւ սկզբունքների հիման վրա հասնելու խաղաղության պայմանագրի, որը կշրջի երկարաժամկետ թշնամության էջը», - ասել է Ալիեւը: