Հայաստանն իր Սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության համաձայնագրի ստորագրման օրակարգի հարց չի համարում:
Այս մասին «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում նշեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին:
«Մենք չենք կիսում ընկալումը, թե մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա: Հետևաբար, մենք չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ և չենք բանակցում սրա շուրջ: Ես նշեցի արդեն՝ խաղաղությունը հաստատված է, մի շարք ամենաէական հարցերի շուրջ համաձայնությունները ձեռք բերված են, ստորագրված են, հրապարակված են, բայց կան հարցեր նաև, որոնց շուրջ երկու երկրները համաձայնության չեն գալիս»,- ասաց Միրզոյանը:
Արտաքին գործերի նախարարը հույս հայտնեց, որ առաջիկա գործընթացները կբերեն խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը և վավերացմանը երկու երկրների խորհրդարանների կողմից:
«Հայաստանի Հանրապետության գործողություններն ու քաղաքական կամքը գնում են այդ ճանապարհով, չենք տրվում որևէ պրովոկատիվ ուղերձների կամ խոսակցությունների: Ադրբեջանն ասում է՝ չեք համաձայնում Սահմանադրության փոփոխությանը, մենք էլ մեր կողմից առաջ չենք գնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրում, ասում ենք՝ իզուր եք այդպես անում, բայց դա էլ ձեր դիրքորոշումն է: Բայց այդ նույն խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, լրացնելով Վաշինգտոնի հռչակագիրը, արձանագրեց խաղաղության հաստատումը: Խաղաղությունը հաստատված է, մենք՝ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները վայելում են խաղաղությունը»,- նշեց նախարարը:
Արարատ Միրզոյանը հիշեցրեց՝ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին Հայաստանի իշխանությունը խոսել է 2018 թվականից, բայց դա միայն ներհայաստանյան օրակարգի մաս է:
Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Դրանից հետո թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել են, որ երկու երկրների միջև խաղաղություն է հաստատվել: Խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման համար Ադրբեջանը որպես նախապայման է ներկայացնում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու հարցը։ Հայաստանի իշխանությունները մի քանի անգամ հայտարարել են, որ չեն ընդունում Ադրբեջանի այդ նախապայմանը։



