Հանրային տպավորություն կա, որ հատկապես մանր գողությունների տարածում կա և կարծես դրա դեմ պայքարը ինչ-որ մեթոդական սխալ ունի, շատերը բողոքում են, որ այս մեքենայի հայելիները տարան, մյուսը տարան, բայց ոչ մի անգամ չենք լսում, որ գտան, բերեցին, հանձնեցին։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
«Միգուցե կան նման դեպքեր, բայց հանրությանը հայտնի չի։ Ես հարևան ունեմ, ասում է՝ պարոն Բագրատյան, կարո՞ղ է ինչ-որ մարդկանց հետ համագործակցում են ոստիկանները, որ չեն կարողանում բացահայտել։ Քանի որ այդ բացահայտումները շատ դժվար են և քիչ են, նման տպավորություն ունեն մարդիկ»,–ասաց նա՝ խնդրելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին պարզաբանել այս հարցը։
Ի պատասխան նախարարն ասաց. «Ինչ վերաբերում է տրանսպորտային միջոցներից կատարված գողություններին, երբ մենք նկատում ենք որոշակի ամսվա կտրվածքով դեպքերի հաճախականություն, պայմանականորեն հոկտեմբերի կտրվածքով, եթե յուրաքանչյուր օր կամ յուրաքանչյուր շաբաթ տեղի է ունենում նմանատիպ դեպք, մեզ մոտ հանրային տիրույթում սկսում է անընդհատ խոսվել, անընդհատ քննարկել այդ հարցը և իներցիայով մենք այն ընկալումն ենք ձևավորում, որ այ Հայաստանում տրանսպորտային միջոցներից կատարված գողությունները էական աճ ունեն, յուրաքանչյուրի տրանսպորտային միջոցից կատարվում է գողություն»։
Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանի ավտոմեքենայից երկու անգամ կատարված գողությանը, Արփինե Սարգսյանն ասաց. «Տիկին Խամոյան նշեց, որ ինքը չի վստահում ոստիկանությանը, չնայած մենք հայտնաբերեցինք առանց դիմումի և հանցագործությունը բացահայտվեց։
Ուզում եմ ասել, որ հիմնականում, երբ որ անընդհատ նեգատիվ ֆոնով քննարկվում է թեման, այդպիսի տպավորություն է ձևավորվում։ Մենք պարբերաբար ոստիկանության կայքէջով տալիս ենք նաև բացահայտումները, ուղղակի առաջնային էֆեկտով տրված ինֆորմացիան շատ ավելի լավ է քննարկվում, քան երբ որ կա դրա բացահայտումը»։



