
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Լարիջանին հուլիսի 20-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՌԴ ղեկավարին է փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ուղերձը։
Ինչպես նշել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին, բանակցությունները կառուցողական են եղել։
«Ալի Լարիջանին, որպես նախագահի հատուկ դեսպանորդ, փոխանցել է ուղերձը և բացատրել Իրանի Իսլամական Հանրապետության տեսակետները տարածաշրջանային զարգացման, միջազգային հարցերի և երկկողմ հարաբերությունների վերաբերյալ։ Նա կառուցողական հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ, որի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում վերջին երեք-չորս շաբաթների ընթացքում տեղի ունեցած զարգացումները», - ասել էդիվանագետը շաբաթական ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ «Լարիջանին նախկինում նմանատիպ կարգավիճակով այցելել էր Ռուսաստան», և նման այցելությունները երկու երկրների միջև հարաբերություններում նորմալ պրակտիկա են։
Հուլիսի 20-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդականին: Պեսկովի խոսքով՝ Իրանի ներկայացուցիչը, իր ղեկավարության հանձնարարությամբ, փոխանցել է Մերձավոր Արևելքում և Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի վատթարացման վերաբերյալ իր գնահատականը: