Լիբանանի Բարձրագույն իսլամական շիական խորհրդի փոխնախագահը նախազգուշացրել է, որ Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիին ցանկացած վնասի պատճառումը կդիտարկվի որպես պատերազմի հայտարարում ողջ աշխարհի շիաներին, տեղեկացրել է Press TV-ն։
Երկուշաբթի Լիբանանում, ի նշան Իրանի Իսլամական Հանրապետության հետ համերաշխության կազմակերպված մեծ հանրային ժողովում ելույթ ունենալով՝ շեյխ Ալի ալ-Խաթիբը դատապարտել է այաթոլա Խամենեիի հասցեին հնչող վիրավորանքները եւ նախազգուշացրել լուրջ հետեւանքների մասին։
«Եթե Ամերիկան հիմարություն անի եւ իրականացնի իր սպառնալիքները, եւ իմամ Խամենեիին նվազագույն վնաս պատճառվի, այդ գործողությունը հավասարազոր կլինի պատերազմի հայտարարման աշխարհի բոլոր շիաներին»,- ասել է ալ-Խաթիբը՝ ընդգծելով, որ այդ գործողությունը կհանգեցնի «կործանարար եւ անկանխատեսեսլի հետեւանքների»։
«Հաղթանակն, ի վերջո, լինելու է օրինական ճակատում, եւ դա աստվածային խոստում է»,- ասել է նա։
«Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունը տրամադրում է այդ ճակատը»,- նշել է ալ-Խաթիբը։
Խոսելով իսլամական հեղափոխության ղեկավարության մասին՝ նա նշել է, որ այաթոլա Խամենեիի դերը դուրս է գալիս քաղաքականության շրջանակից։
«Իմամ Խամենեին ոչ միայն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական առաջնորդն է, այլեւ իսլամական աշխարհի կրոնական նշանավոր հեղինակություններից մեկը»,- ավելացրել է ալ-Խաթիբը։



