
Հուլիսի 3-ին ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու մասին օրենսդրական փաթեթը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկած՝ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին» օրենքում լրացում կատարելու և «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագծին կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 27։
ԱԺ-ում ընդունված այս օրենսդրական փաթեթը վերջնական գործարկման փուլ կմտնի ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրումից հետո։
Շատերին զարմացրել է այն փաստը, որ ինչպես նախկին դեպքերում, այս անգամ նախագահ Խաչատուրյանը նույն օրը չի ստորագրել ԱԺ-ում հաստատված օրենքը։ Մեր տեղեկություններով՝ Խաչատուրյանը առանձնապես ոգևորված չէ նախաձեռնությամբ։ Տնտեսագետ լինելով՝ նա լավ հասկանում է, որ այն կարող է բացասական ազդեցություն ունենալ տնտեսության վրա։ Ավելի կարևորն այն է, որ ինքն ըստ էության դառնում է Հայաստանի և Արցախի համար անգնահատելի ներդրում ունեցող ընտանիքից գույք խլելու գործընթացի մասնակից։
Ըստ մեր աղբյուրների՝ Խաչատուրյանը խուսափողական վարքագիծ է դրսևորում՝ ձգտելով, նույնիսկ ստորագրելու դեպքում, հասկացացնել Կարապետյաններին, որ կատարվածը իր սրտով չէ։ Խաչատուրյանի այս վարքագիծը հիշեցնում է խորհրդային հայտնի ֆիլմի հայտնի դրվագը, որտեղ հերոսուհին արդարանում է «Не виноватая я, он сам пришёл» բղավելով։