ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել է լրացուցիչ՝ 20%-անոց մաքսատուրքեր սահմանել չինական մի շարք ապրանքների նկատմամբ, ինչի արդյունքում դրանցից որոշների համար մաքսատուրքերի ընդհանուր դրույքաչափը կարող է հասնել մինչև 45%-ի։
Այս մասին հայտնել են «Associated Press»-ը՝ հղում անելով վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի, և Bloomberg-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի։
AP-ի զրուցակիցը շեշտել է, որ այս միջոցառումները ներկայումս միայն առաջարկի փուլում են, և դրանց կիրարկման հստակ ժամկետներ դեռ սահմանված չեն։ Bloomberg-ի աղբյուրի հայտնել է, որ Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի վերաբերյալ վերջնական որոշումը կարող է կայացվել արդեն հունվարին։
ԱՄՆ իշխանություններն այս նախաձեռնությունը հիմնավորում են որպես արձագանք գերարտադրությանը, որը խթանվում է սուբսիդիաների և առևտրային խոչընդոտների միջոցով։ Նրանց պնդմամբ՝ սա ամերիկյան ընկերություններին դնում է մրցակցային անբարենպաստ պայմաններում։
Եվրամիությունից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից և Շվեյցարիայից ներմուծվող ապրանքների համար առաջարկվում է սահմանել 15% մաքսատուրք՝ հետագայում այն մինչև 20% բարձրացնելու հնարավորությամբ։ Հնդկաստանի դեպքում դրույքաչափը նախատեսվում է սահմանել 17% (պայմանով, որ կնքվի առևտրային համաձայնագիր), թեև այն կարող է հասնել մինչև 25%-ի։
Այս միջոցառումները կտարածվեն նաև Բանգլադեշի, Կամբոջայի, Ինդոնեզիայի, Մալայզիայի, Սինգապուրի, Թայվանի, Թաիլանդի և Վիետնամի վրա։ Մեքսիկային և Նորվեգիային առնչվող որոշումները դեռևս քննարկման փուլում են։
Նախատեսվում է այս նոր սահմանափակումներից ազատել նավթը, գազը և այնպիսի պարենային ապրանքները, որոնք հնարավոր չէ արտադրել Միացյալ Նահանգների տարածքում։
AP-ի և Bloomberg-ի հաղորդումների համաձայն՝ տուրքերը չեն կիրառվի այն ապրանքների նկատմամբ, որոնք արդեն իսկ ենթակա են հատուկ՝ ոլորտային մաքսատուրքերի (օրինակ՝ ավտոմեքենաներ, պողպատ, ալյումին, դեղագործական արտադրանք և կարևորագույն հանքանյութեր)։
Բրազիլիային վերաբերում են առանձին առաջարկներ. ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել սահմանված քվոտաները գերազանցող հում և վերամշակված շաքարի մաքսատուրքերը, ինչպես նաև 10% տուրք սահմանել պատրաստի օդանավերի ներմուծման համար։
AP-ն նշել է, որ վերջինս կազդի բրազիլական Embraer արտադրող ընկերության վրա։



