
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանին։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից՝ նշելով, որ արքեպիսկոպոս Սարգիսյանը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի անունից նախագահ Խաչատուրյանին է հանձնել Արամ Ա-ի գահակալության 30-ամյակի առթիվ հրատարակված հատորը՝ փոխանցելով նաև Վեհափառ Հայրապետի ջերմ ողջույններն ու օրհնությունը։
Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել թանկարժեք նվերի համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է ընդունել այն։ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Արամ Ա Կաթողիկոսի հոգևոր և ազգային գործունեությունը՝ ընդգծելով նրա մշտական նվիրվածությունը համահայկական միասնության և մեր ժողովրդի արժեհամակարգի պահպանման գործում։ Նախագահն իր հերթին խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Վեհափառ Հայրապետին։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդման, երիտասարդ սերնդի հոգևոր ու ազգային դաստիարակության, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանն առնչվող հարցերի։ Քննարկվել են համահայկական միասնությունը զորացնող նախաձեռնությունների շարունակականության ապահովման ուղիներ։
Արքեպիսկոպոս Սարգիսյանը փոխանցել է Արամ Ա Կաթողիկոսի հույսն ու ակնկալիքը, որ մեր կյանքում նկատվող մտահոգիչ երևույթները Աստծո օրհնությամբ և բարիքի առաջնորդությամբ կգտնեն իրենց դրական լուծումը՝ հանուն մեր ժողովրդի միասնության, խաղաղության և բարգավաճման։