Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհ...

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին, ով ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում։ Այս մասին հայտնում են Նախագահի աշխատակազմից:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի գործընկերներին և անձամբ Կարոլին Գեգինատին, վերջին չորս տարիների ընթացքում իրականացված կարևորագույն ծրագրերի և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ցուցաբերված աջակցության համար։

«Այս համատեքստում հատկապես կարևորում եմ Ձեր անձնական ներդրումը՝ համագործակցության շարունակական զարգացման և առաջխաղացման գործում»,- նշել է նախագահը։

Իր հերթին Կարոլին Գեգինատը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի խոսքերի համար՝ ընդգծելով, որ իր պաշտոնավարման ընթացքում արել է առավելագույնը՝ նպաստելու Հայաստան-Համաշխարհային բանկ արդյունավետ գործընկերության ամրապնդմանը։