
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների ներկայացուցիչների, փորձաշրջանով նշանակված դպրոցների տնօրենների և վերջիններիս համար որպես մենթոր հանդիսացող տնօրենների հետ:
Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունը, հանդիպմանը քննարկվել են կառավարության 2023 թ. փետրվարի 9-ի թիվ 181-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգի փոփոխությունները:
Արաքսիա Սվաջյանը, մասնավորապես, կարևորել է փորձաշրջանով նշանակվելու հնարավորությունը՝ որպես տնօրենին այդ մեկ տարվա ընթացքում աջակցելու, օգնելու և առաջնորդական կարողությունները զարգացնելու գործիքակազմ: Նա կոչ է արել փորձաշրջան անցնող տնօրեններին լինել հետևողական և պահանջկոտ ինչպես սեփական գործելաոճում, այնպես էլ մենթոր տնօրենից, որը պետք է նպաստի տվյալ տնօրենի մասնագիտական աճին:
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև փորձաշրջան անցնող տնօրենների՝ մենթոր տնօրեններիից սպասվող ակնկալիքները:
«Առաջին հերթին ակնկալում ենք դպրոցի կրթության որակի փոփոխություն՝ չափորոշչի ներդման աշխատանքների շրջանակում գործընթացների արդյունավետության կազմակերպմամբ՝ սկսած ուսումնական պլանի մշակումից մինչև դասընթացների՝ սահմանված վերջնարդյունքների ապահովում: Մյուսը ուսուցիչների մասնագիտական զարգացման ուղղությունն է, որտեղ շատ կարևոր է մասնագիտական զարգացման համակարգերը պատկերացնելը: Երրորդը դպրոցը որպես սոցիալական միջավայր ձևավորելուն ուղղված ջանքերը պետք է լինեն»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: Նա հավելել է, որ հաշվի առնելով մենթորի ներդրած ջանքերը, որոնք համակարգի զարգացման վրա մեծ ազդեցություն են ունենում, քննարկվում են դրանք ատեստավորման գործընթացում որոշիչ դարձնելու հնարավորությունները:
Նշվել է, որ ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից մշակվել է ուղեցույց, որը պետք է օժանդակի մենթոր տնօրեններին իրենց աշխատանքը կազմակերպելիս և հնարավորինս արդյունավետ ու ճկուն իրականացնելիս: Արդեն իսկ 9 դպրոցում նշանակված են փորձաշրջան անցած տնօրեններ. ևս 2-ը, որոնք հարցազրույցի փուլը հաղթահարել են, կնշանակվեն առաջիկա օրերին:
Հանդիպման ավարտին ներկաները թեմայի վերաբերյալ ուղղել են իրենց հուզող հարցերը, որոնք, մասնավորապես, վերաբերել են գնահատման չափանիշներին, մենթորների ընտրության գործընթացին և այլն: