ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է 2024-2025 ուստարվա...

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մայիսի 13-ին 1-ին կարգի դիպլոմներ է հանձնել 2024-2025 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին։ 

Նախարարը ողջունել է ներկաներին և շնորհավորել աշակերտներին հանրապետական առարկայական օլիմպիադաներում հաղթող ճանաչվելու առիթով:

«Առարկայական օլիմպիադայում ունեցած հաջողությամբ, կարծում եմ, առաջին հերթին ինքներդ ձեզ կարողացել եք ապացուցել, որ եթե ունեք նպատակ և այդ ուղղությամբ հետևողական աշխատանք եք տանում, ապա անպայման հասնում եք արդյունքի: Վստահ եմ՝ ձեր կյանքի հետագա փուլերում շատ ավելի մեծ նպատակներ եք ունենալու և հաջողությունների եք հասնելու»,- Ժաննա Անդրեասյանի խոսքերն է մեջբերված ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

Նածխարարը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին ու ծնողներին՝ աշակերտների ձգտումներին աջակցելու և դրանց իրականացման համար նպաստավոր միջավայր ապահովելու համար:

«Դուք կարևորում եք գիտելիքը, ուսումն ու օլիմպիադաներին մասնակցությունը, քանի որ այդ արժեքները կարևորված են նաև ձեր ընտանիքներում և դպրոցներում: Միջավայրը շատ կարևոր է լավ գաղափարներ, ծրագրեր և ճիշտ արժեքներ ձևավորելու համար, որոնք մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու և հանրային զարգացում ապահովելու հետագա խթանն ու շարժիչն են հանդիսանալու»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը: 

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև օլիմպիադաների անցկացման կարգում նախորդ տարի իրականացված փոփոխություններին, որոնք, Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ, նպատակ ունեն օլիմպիադաների կազմակերպման գործընթացն առավել թափանցիկ և հաշվետվողական դարձնել: ԿԳՄՍ նախարարը նաև անդրադարձել է օլիմպիադաներում դպրոցների մասնակցության աշխարհագրության ընդլայնմանը:

«Օլիմպիադաներում հաջողությունների հասնող դպրոցների շրջանակը բավական փոքր է: Սա լուրջ խնդիր է. կարևոր է, որ թե՛ օլիմպիադաներին մասնակցող, թե՛ հաջողություններ գրանցող երեխաները լինեն մեր բոլոր մարզերի և Երևանի բոլոր ուսումնական հաստատությունների աշակերտները»,- ասել է նախարարն ու ընդգծել՝ այս նպատակին պետք է ծառայի դպրոցներում օլիմպիական խմբակների մշակույթի զարգացումը: 

Նրա խոսքով՝ հանրակրթության պետական նոր չափորոշիչը հնարավորություն է ընձեռում դպրոցներում կազմավորելու օլիմպիական խմբակներ, որոնցում կարող են ընդգրկվել դրանցով հետաքրքրված բոլոր աշակերտները: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է դպրոցների սերտ և համագործակցված աշխատանքը: 

Հանրապետական առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլին այս տարի գրանցվել է 105902 սովորող. օլիմպիադային մասնակցել է 84256 աշակերտ: Մարզային փուլին մասնակցել է 888 դպրոցի 8101 սովորող, իսկ հանրապետական փուլին՝ 336 դպրոցի 1355 սովորող։ 1–ին կարգի դիպլոմների է արժանացել 72 սովորող։