
Կենտրոնական բանկը զգուշացնում է, որ վերջին օրերին ԿԲ անունից քաղաքացիներին և կազմակերպություններին ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ, այդ թվում՝ Tickets@tkt.am էլեկտրոնային հասցեից՝ կցված PDF ֆայլերով։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ԿԲ-ն։
Հաղորդագրության համաձայն՝ նշված նամակները կեղծ և վիրուսային բնույթ ունեն։
Կենտրոնական բանկը հորդորում է չբացել նամակների կցված ֆայլերը, չսեղմել նամակներում տեղադրված հղումներին, անմիջապես ջնջել նման նամակները։
«Կենտրոնական բանկը որևէ առնչություն չունի տվյալ նամակների հետ և երբևէ չի տարածում տեղեկատվություն կամ փաստաթղթեր նման եղանակով և նման էլեկտրոնային հասցեներից», – նշված է հաղորդագրության մեջ։
ԿԲ-ն նաև կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն և հետևել կիբեռանվտանգության հիմնական կանոններին։