Տեղի է ունեցել Երևանի կենդանաբանական այգու Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարում էր ԵԿԱ ԿԽ նախագահ Կ. Մանվելյանը` ԵԿԱ տնօրեն Ա. Տեր-Թովմասյանի, Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Ս. Հայկազյանի, նիստին հրավիրված Երևանի ավագանու անդամներ Ք. Վարդանյանի և Ա. Ավետիսյանի, ԵԿԱ ԿԽ անդամների մասնակցությամբ:
Նիստին քննարկվեցին տեղափոխված առյուծի անկման պատճառների, տեղափոխված այլ կենդանիների հետագա խնամքի, ինչպես նաև այգու կանաչապատման և ընթացիկ այլ հարցեր: Նիստից հետո մասնակիցները շրջեցին այգու տարածքով, ծանոթացան ընթացիկ աշխատանքներին, հայտնում են Կենդանաբանական այգու մամուլի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից հուլիսի 6-ին քնեցված եւ կենդանաբանական այգի տեղափոխված էգ առյուծը անկել էր։ Կենդանաբանական այգուց պարզաբանել էին, որ դա պայմանավորված է եղել մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով։
«Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,-ասված էր հայտարարության մեջ։



