Հայաստանի կառավարությունը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրվի մինչև տարեվերջ: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն` ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Լուսինե Բադալյանի հարցին:
Բադալյանը հետաքրքրվեց, թե ո՞ր փուլում են այս պահին բանակցությունները, արդյոք մինչև այս տարվա վերջ հավանական է խաղաղության պայմանագրի կնքումը: Պատգամավորը նաև մեջբերեց լրագրողների պարբերաբար հնչող հարցը՝ արդյոք իսկապես հավանական է խաղաղության պայմանագիրը, որքանո՞վ է այդ պայմանագիրը նշանակում բարեկամություն թշնամիների հետ:
Վարչապետը շատ կարևորեց, որ միջազգայնորեն տեսանելի երկխոսություն սկսվի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև: Սա շատ կարևոր հանգամանք է, ու ԼՂ հայության իրավունքների և պաշտպանության որոշակի տեսանելի մեխանիզմներ պետք է լինեն:
«Թշնամանքը և ընդհանրապես իրավիճակը պետք է կառավարվի, քանի որ, երբ դա կառավարելի չէ, կարող է բերել միայն վնաս: Մնացածը, ավելի բարձր հայտարարություններ, ցավոք, կամ բարեբախտաբար, չեմ կարող անել: Բայց, որ ամեն ինչը պետք է կառավարվի, այդ թվում` թշնամանքը, դա ինձ համար փաստ է»,-ասաց վարչապետը:



