Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ կայացել է ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի առաջին նիստը։ Նիստին մասնակցել են հասարակական խորհրդի անդամները, ՊԵԿ նախագահի տեղակալը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Ինչպես տեղեկացնում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունը, շնորհավորելով հասարակական խորհրդի ձևավորման և առաջին նիստի աշխատանքների մեկնարկի կապակցությամբ՝ Էդուարդ Հակոբյանն առանձնահատուկ ընդգծել է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածության կարևորությունը պետություն–մասնավոր հատված համագործակցության համատեքստում։
«ՊԵԿ-ը, լինելով թափանցիկ կառույցներից մեկը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ պատրաստ է բաց և կառուցողական երկխոսության՝ համատեղ քննարկելով հանրությանը հուզող հարցերը։ Համոզված եմ, որ Հասարակական խորհրդի ակտիվ գործունեության արդյունքում 2026 թվականի ընթացքում կունենանք առավել արդյունավետ աշխատանք և առաջընթաց ապահովող գործունեություն»,-նշել է ՊԵԿ նախագահը։
Օրակարգի առաջին հարցով քննարկվել են Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրով նախատեսված՝ 2026 թվականի Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացման ենթակա միջոցառումները։ 2025 թվականին կատարված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակված է ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքէջում։
Նիստում ներկայացվել են նաև Հարկային վարչարարության բարեփոխումների և Մաքսային ծառայության առաջիկա տարիների զարգացման ռազմավարական ծրագրերին, որոնցով նախանշված են ՀՀ ՊԵԿ առաքելությունը և տեսլականը։ Ռազմավարական ծրագրերը նույնպես հրապարակված են ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքէջում։
Անդրադարձ է կատարվել նաև ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգի վերանայմանը։ Մասնավորապես, այդ գործընթացի վերանայման շրջանակում առաջարկվել է քննարկել հանձնաժողովի աշխատանքներին՝ իր ցանկությամբ քաղաքացիական հասարակության ներկայացուցչի մասնակցության ապահովման հարցը։
Կոմիտեի և հասարակական խորհրդի անդամների միջև ակտիվ երկխոսություն է ծավալվել ներկայացված հարցերի, ինչպես նաև բարձրացված խնդիրների և դիտարկումների շուրջ։



