Կայացել է ՄԻՊ առընթեր Զինված ուժերում մարդու...

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի մարտի 28-ին տեղի ունեցած ընդլայնված նիստին մասնակցել են Ազգային Ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, պատգամավորներ, Անվտանգության խորհրդի գրասենյակի, Պաշտպանության նախարարության, Դատախազության և Քննչական կոմիտեի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների և անկախ փորձագետներ:

Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Նիստի սկզբում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է, որ ԶՈւ-ում մարդու իրավունքների ապահովմանն ուղղված գործունեությունը Պաշտպանն իրականացնում է երեք հիմնական ուղղություններով՝ 

  • աջակցել զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, ներառյալ՝ վեր հանելով նրանց հուզող խնդիրներն ու առաջարկելով դրանց համար լուծումներ,
  • աջակցել պետությանը, տվյալ դեպքում զինված ուժերին` նպաստելով զինված ուժերի բոլոր անդամների իրավունքների պաշտպանությանը եւ խթանմանը,
  • վերահսկել պետական մարմիններին՝ երաշխավորելու համար իրավունքի գերակայության սկզբունքի անվերապահ ապահովումը:

«Պաշտպանը նշել է, որ Սահմանադրությամբ ամրագրված զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ապահովման կարևոր մեխանիզմ է նաև Պաշտպանին առընթեր փորձագիտական այս խորհուրդը, որի աշխատանքներն անհրաժեշտ է ակտիվացնել։ 

ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ նման քննարկումները շատ օգտակար են թե Պաշտպանի հաստատության կողմից վերհանված խնդիրներն ու առաջարկությունները քննարկելու, և թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, գործադիր ու օրենսդիր իշխանության պատասխանատուների երկխոսությունը խթանելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նիստի ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի՝ «Իրավունքի գերակայության վրա հիմնված կարգապահությունը՝ որպես զինված ուժերում մարդու իրավունքների երաշխիք» արտահերթ հրապարակային զեկույցում տեղ գտած առաջարկությունները, որոնք ի թիվս այլնի վերաբերում են իրենց իրավունքների վերաբերյալ զորակոչիկների առավել արդյունավետ իրազեկման, պաշտպանական գերատեսչության կողմից առավել թիրախային ու ժամանակին հաղորդակցության իրականացման, սպայական անձնակազմի վերապատրաստման ու երաշխիքների ամրապնդման, հոգեբան-սպաների պատրաստմանն ու շարունակական վերապատրաստմանը և այլն: 

ՄԻՊ աշխատակազմի տեղեկացմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծել է, որ առանց զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության երաշխավորման, հնարավոր չէ ապահովել երկրի անվտանգությունը, ինչպես նաև հնարավոր չէ ունենալ արդյունավետ զինված ուժեր»։

Պաշտպանության նախարարության և Անվտանգության խորհրդի ներկայացուցիչները ներկայացրել են ձեռնարկվող քայլերի մասին ընթացիկ տեղեկատվություն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները համակարգված ձևով ներկայացրել են Պաշտպանի հաստատության կողմից իրականացված մշտադիտարկման այցերի ընթացքում վերհանված, ինչպես նաև Պաշտպանի տարեկան հաղորդմամբ արձանագրված խնդիրները:

Նշվել է, որ Պաշտպանի աշխատակազմում ակտիվ վարույթներում են գտնվում խաղաղ պայմաններում զինծառայողների մահացության դեպքերով մի շարք դիմում-բողոքներ ու սեփական նախաձեռնությամբ քննարկումներ։

Խորհրդի նիստում քննարկվել են նաև վարժական հավաքների հետ կապված օրենսդրական և գործնական խնդիրները, ներկայացվել են լուծման առաջարկներ:

Առանձին անդրադարձ է կատարվել Պաշտպանին առընթեր «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով» փորձագիտական խորհրդի նիստերին խորհրդի անդամների, փորձագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների բարձրացրած հարցերին:

Պետական մարմինների ներկայացուցիչները հայտնել են իրենց դիրքորոշումները բարձրացված խնդիրների վերաբերյալ, մտքեր են փոխանակել բանակում կարգապահության բարձրացման մեխանիզմների մշակման հարցերի շուրջ, ձեռք են բերվել պայմանավորվածություն համատեղ աշխատելու առկա խնդիրները վեր հանելու ու լուծումներ գտնելու վերաբերյալ: