Կայացել է «Մայր Հայաստանի» պատվիրակության և Լ...
Սեպտեմբերի 18-ին Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում տեղի է ունեցել Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքի պատվիրակության ներկայացուցիչների և ԼԺՀ Ազգային խորհրդի (խորհրդարանի) նախագահ Դենիս Միրոշնիչենկոյի հանդիպումը։
ԼԺՀ Ազգային խորհրդի պաշտոնական տելեգրամյան ալիքը հայտնում է, որ հանդիպմանը ներկա են նաև եղել «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Դմիտրի Խորոշիլովը, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Գալինա Դուբրովան, ՌԴ Կոմունիստական ​​կուսակցության խմբակցության ղեկավար Իգոր Գումենյուկը, «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» խմբակցության ղեկավար Գենադի Տարականովը և ԼԺՀ Ազգային խորհրդի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Յուրի Յուրովը։
Իր ողջույնի խոսքում Դենիս Միրոշնիչենկոն ընդգծել է, որ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը հյուրընկալ և բազմազգ տարածաշրջան է։
«Ողջունում ենք ձեզ Լուգանսկի հողում՝ Ռուսաստանի Դաշնության Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում: Մենք անկեղծորեն ուրախ ենք ձեր այցի կապակցությամբ: Մենք բազմազգ տարածաշրջան ենք, և այստեղ երկար տարիներ սերնդեսերունդ մարդիկ ապրում են ազգամիջյան ներդաշնակության պայմաններում։ Այս առումով մենք երբեք խնդիրներ չենք ունեցել»,-ընդգծել է խորհրդարանի նախագահը։
Օրենսդիր մարմնի ղեկավարը հիշեցրել է, որ վերջերս ԼԺՀ Հանրային պալատի առաջին լիագումար նիստի շրջանակներում հայ համայնքի ներկայացուցիչ Վարդան Հայրապետյանը նշանակվել է ԼԺՀ ՀՊ հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ ազգամիջյան և միջկրոնական համաձայնության, ժողովրդագրության և ավանդական արժեքների հարցերով։
«Վստահ եմ, որ այցը Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն ձեզ մոտ կթողնի միայն ամենադրական զգացմունքները, և մեր շփումն ու բարեկամությունն այսօր սկսում են իրենց երկար ու բեղմնավոր ճանապարհը»,-ավելացրել է Դենիս Միրոշնիչենկոն:
Իր հերթին Անդրանիկ Թևանյանը խոսել է «Մայր Հայաստան» դաշինքի ստեղծման նախադրյալների մասին։ Պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ պաշտոնական Երևանի դիրքորոշումը չի հանդիսանում ամբողջ հայ ժողովրդի դիրքորոշումը, և վստահություն է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է կրեն ռազմավարական բնույթ ու կառուցվեն բարեկամության և բարիդրացիության սկզբունքների վրա։
Կողմերը քննարկել են ազգամիջյան հարաբերությունների, երիտասարդական քաղաքականության, հումանիտար առաքելությունների, համատեղ նախագծերի և տեսակամուրջների կազմակերպման, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության ուղիները։ Հանդիպման արդյունքներով մասնակիցները վստահություն են հայտնել հարաբերությունների ամրապնդման և փոխշահավետ պայմաններով համագործակցությունը զարգացնելու հարցում։


«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում