ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի մարտի 2-ին հիբրիդային ձևաչափով կայացած հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորը: Քննարկումներին մասնակցել են Գործողությունների ծրագրում ներգրավված ՀՀ գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի քարտուղարությունում և ԵԽ հայաստանյան գրասենյակում դրանց իրականացման պատասխանատուները:
«ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն անդրադարձավ Ղեկավար կոմիտեի նախորդ՝ 2020թ. հուլիսին կայացած նիստից հետո անցած ժամանակահատվածին, նշեց Արցախում 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված հումանիտար խնդիրները, կարևորեց Արցախում բնակչության հիմնարար իրավունքների և ազատությունների լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների և միջազգային աջակցության հասանելիության ապահովումը։ Այս առումով, ԱԳ նախարարի տեղակալը հիշատակեց ԵԽ բարձրաստիճան ղեկավարների և տարբեր մարմինների հայտարարությունները, արցախյան պատերազմի հումանիտար և մարդու իրավունքների տեսանկյունից հետևանքների վերաբերյալ 2021թ. սեպտեմբերին ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի՝ 2021թ. նոյեմբերին հրապարակված հուշագիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին՝ Պարույր Հովհաննիսյանը շեշտել է, որ դրա հաջող իրականացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում: Գոհունակություն է հայտնվել 2022թ. հունվարին ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում ընդունված «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում» բանաձևում ժողովրդավարության ուղով Հայաստանի առաջընթացի արձանագրման կապակցությամբ: ԱԳ նախարարի տեղակալը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Գործողությունների ծրագրի դոնոր կազմակերպություններին և երկրներին, մասնավորապես՝ Եվրոպական միությանը, Նորվեգիային, Շվեդիային, Ավստրիային, Շվեյցարիային, Միացյալ Թագավորությանը, Գերմանիային, Իռլանդիային, Լիխտենշտեյնին, ինչպես նաև Երեխաների նկատմամբ բռնության վերացման հիմնադրամին և Մարդու իրավունքների վստահության հիմնադրամին:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում ներկայացվել են մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման, իրավունքի գերակայության և ժողովրդավարական կառավարման ոլորտներում Եվրոպայի խորհրդի հետ իրականացված ծրագրերի արդյունքները: Հայկական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ: Մտքեր են փոխանակվել հաջորդ՝ Հայաստան-ԵԽ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրում ներառվելիք նախագծերի վերաբերյալ: