Կատարի պատվիրակությունը Գազայի հարցով բանակցո...

Կատարի պատվիրակությունը ժամանել է Սպիտակ տուն՝ Գազայում պատանդների և հրադադարի համաձայնագրի շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է Axios-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ հանդիպումը կայացել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց անունները չեն նշվում. այն տևել է մի քանի ժամ։

 Բանակցություններն ընթացել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպումից առաջ։

«Մանրամասներին ծանոթ աղբյուրի համաձայն՝ Կատարի պատվիրակությունը ժամանել է Սպիտակ տուն՝ Գազայում պատանդների և հրադադարի համաձայնագրի շուրջ բանակցություններ անցկացնելու համար։ Կատարի պատվիրակությունը մի քանի ժամ հանդիպել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ նախքան Նեթանյահուի հանդիպումը նախագահ Թրամփի հետ»,- X-ում գրառում է կատարել Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։

CNN Arabic-ի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ Թրամփի արտաքին քաղաքականության հարցերով բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այս շաբաթվա վերջում կմեկնի Կատար՝ մասնակցելու հուլիսի 6-ին Դոհայում Գազայի հարցով մեկնարկած հրադադարի բանակցություններին։

Ուիթքոֆը ավելի վաղ հայտարարել էր, որ հույս ունի համաձայնության գալ հրադադարի վերաբերյալ։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Նույն օրը երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Երկու առաջնորդների միջև զրույցն, ըստ իսրայելցի պաշտոնյաների, տեղի է ունեցել «շատ դրական և բարեկամական մթնոլորտում»։

Թրամփ-Նեթանյահու երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 8-ին, որի ընթացքում քննարկվել են Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման վերաբերյալ հարցեր։