Լրջագույն կասկած ունեմ, որ Նիկոլ Փաշինյանի մոտ շատ շուտով Հիսուս Քրիստոսի արձանը պետականացնելու ցանկություն է առաջանալու, ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հրատապ ասուլիսի ժամանակ ասել է մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով «Արարատցեմենտ» գործարանը պետականացնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
«Գործարանը պետականացնելու՝ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքից հետո Գլխավոր դատախազությունը րոպեներ անց հանդես եկավ հայտարարությամբ, դրա իրավական մասով հետամուտ ենք լինելու։ Ցավալի է, որ մեր երկրում առկա հանցագործության բարձր ցուցանիշին, թմրամիջոցների մեծ շրջանառությանը և այս տեսակի բոլոր արատավոր գործընթացներին հետամուտ լինելու փոխարեն, մեր երկրի իրավապահ համակարգը մեկ անձի ցուցումով է իր աշխատանքները կազմակերպում՝ պատվերով համերգի տրամաբանությամբ»։
Հիշեցնենք՝ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ «Արարատցեմենտ» գործարանը լինելու է պետական և պատկանելու է Հայաստանին։ Վարչապետի հայտարարությունից հետո հաղորդագրություն է տարածել Գլխավոր դատախազությունը, որտեղ նշված է, թե դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ։



